Ռոն-Ալպեր տարածաշրջանի պատվիրակության այցը Շիրակ

2014թ. հոկտեմբերի 2-9-ը Ռոն-Ալպեր տարածաշրջանի պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում էր, և Ռոն-Ալպեր-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում նոյեմբերի 4-ին Շիրակում մի շարք հանդիպումներ է ունեցել Գյումրու քաղաքապետի և «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի տեղական գործընկերների հետ։

   Պատվիրակության կազմում էին Էդուարդ Սիմոնյանը՝ Ռոն-Ալպեր տարածաշրջանի փոխնախագահը, որը պատասխանատու է Հայաստանի և տարածաշրջանային բնության պարկերի հետ համագործակցության համար, Աննա Ֆիորինին՝ Միջերկրածովյան տարածաշրջանի և Հայաստանի համագործակցության պատասխանատուն, և Անահիտ Դավթյանը՝ Ռոն-Ալպեր-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի համակարգողը։

    Առաջին այցը տեղի ունեցավ քաղաքապետարանում՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, որին ներկա էր նաև ՏԺԳ տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի հետ գործընկերությունը և այդ շրջանակներում գործողությունների զարգացումը, Ռոն-Ալպեր տարածաշրջանի և Գյումրի քաղաքի ու Հայաստանի միջև հնարավոր համագործակցությունը, մասնավորապես տեղական զարգացման ոլորտում, Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2015թ․ Գյումրիում կազմակերպվելիք զբոսաշրջային սեմինարը: Պարոն Բալասանյանը նշեց, որ տեղական իշխանությունների կարողությունների հզորացումը, տեղական ժողովրդավարության խթանումը անհրաժեշտ են Գյումրու համար, սակայն քաղաքն ունի այլ կարևոր խնդիրներ՝ կապված սոցիալական, նախադպրոցական կրթության, տնտեսական հարցերի հետ, որոնք պահանջում են արագ լուծումներ: Պարոն Սիմոնյանը, իր հերթին, հաստատեց, որ բարձր է գնահատում քաղաքապետի մտահոգությունները քաղաքի վերաբերյալ և հավելեց, որ Գյումրին պետք է գտնի գործընկեր կազմակերպություն կամ քաղաք Ռոն-Ալպեր տարածաշրջանում, որպեսզի Ռոն-Ալպեր տարածաշրջանը կարողանա ֆինանսավորել համատեղ հայտերը: Քաղաքապետը և նրա տեղակալը ողջունեցին 2015 թվականի ապրիլին Գյումրիում զբոսաշրջային համաժողով կազմակերպելու գաղափարը, որը հնարավորություն կտա գտնել ֆրանսիացի գործընկերներ և առաջարկեցին նրանց օգնությունը:     ՏԺԳ հիմնադրամի տնօրենի և գործընկերների հետ հանդիպում տեղի ունեցավ ՏԺԳ գրասենյակում: ՏԺԳ հիմնադրամի տեղական գործընկերներ Լևոն Բարսեղյանը՝ «Ասպարեզ» լրագրողների ակումբ, Արմինե Թուխիկյանը՝ «Կայուն զարգացման Ուրբան հիմնադրամ», Վահան Թումասյանը՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ, մասնակցում և ներկայացնում էին իրենց կազմակերպությունները և ՏԺԳ գործունեությանը իրենց աջակցությունը: Պարոն Սիմոնյանը համառոտ ներկայացրեց Ռոն-Ալպեր տարածաշրջանի համագործակցության սկզբունքները Հայաստանի հետ, նպատակները, դիմումների ներկայացման ընթացակարգերը: ՏԺԳ հիմնադրամի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը համաձայնեց Ռոն-Ալպեր պատվիրակության հետ, որ ավելի արդյունավետ է գաղափարները քննարկել նրանց հետ՝ նախքան դրանք ներկայացնելը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը: Գործընկերները համաձայնեցին, որ զբոսաշրջության սեմինարի անցկացումը Գյումրիում կարևոր է, որը կմիավորի դրանում ներգրավված բոլոր ֆրանսիացի և հայ գործընկերներին և հնարավորություն կտա հետագա նախաձեռնությունների համար: Հանդիպումը շատ արդյունավետ էր ՏԺԳ հիմնադրամի վերագործարկման և կայունացման գործընթացում և պարզաբանեց հետագա գործընկերային հարաբերությունները: